Showing posts with label ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ. Show all posts
Showing posts with label ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ. Show all posts

Jul 8, 2009

ՀԱՅԵՐԸ ԶԱՐՄԱՑԵԼ, ՌՈՒՍՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԵԼ ԵՆ


ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՐԾՔԻՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԵՏԱԼ ԿԱԽԵՑԻՆ
ԵՒ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԵՑԻՆ
ՋԱՒԱԽՔՈՒՄ ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Յունիսի 24-25-ը երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում գտնուող Վրաստանի նախագահը արժանացաւ միանգամից երկու մետալի: Նախ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Միխայիլ Սահակաշվիլուն պարգեւատրեց Պատուոյ շքանշանով` «Հայ-վրացական դարաւոր բարեկամութեան ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցութեան խորացմանն ուղղուած գործունէութեան համար»: Ապա Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վրաստանի ղեկավարն արժանացաւ հայաստանեան մայր համալսարանի ամէնաբարձր պարգեւին՝ ԵՊՀ պատուաւոր դոկտորի կոչմանն ու ոսկէ մետալի: Սա այն դէպքում, երբ վերջին կէս տարուայ ընթացքում առնուազն երկու անգամ պարոն Սահակաշվիլին ոչ պարկեշտ յայտարարութիւններ էր արել Հայաստանի հասցէին՝ ասելով, թէ նրա տնտեսութիւնը փլուզուեց, քանի որ ամբողջովին կախուած է Ռուսաստանի շուկայից:

Սահակաշվիլու Երեւան այցի ընթացքում, սակայն, այս մասին չյիշեցին: Չյիշեցին նաեւ Վահագն Չախալեանի ու վիրահայութեան վիճակի մասին: Աւելի ճիշդ, յիշեցին, բայց՝ դրական կերպով: Համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահը ողջունեց «Վրաստանի կառավարութեան ջանքերը Ջաւախքում ընկերային-տնտեսական վիճակը մեղմելու, ենթակառուցուածքները բարելաւելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղութեամբ»: Ջաւախահայութիւնը, սակայն, հակառակն է պնդում: Հայ ոստիկանները երկու անգամ խոչընդոտեցին եւ թոյլ չտուեցին Հայաստանում բնակուող ջաւախահայերին բողոքի ցոյց կազմակերպել նախագահական նստավայրի, ապա «Արմենիա Մարիոթ» հիւրանոցի դիմաց, որտեղ գիշերել էր Վրաստանի նախագահը: Ջաւախահայ երիտասարդներն ու նրանց միացած Կիրօ Մանոյեանը, ով ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի տնօրէնն է, ցանկանում էին առիթն օգտագործել եւ նախագահ Սահակաշվիլուն մէկ անգամ եւս յիշեցնել Ջաւախքում առկայ բազմաթիւ խնդիրների մասին: Դա չյաջողուեց, քանի որ ոստիկանները հասցրել էին ցրել ցոյցը՝ նախքան Սահակաշվիլու հիւրանոցից դուրս գալը: Կիրօ Մանոյեանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցաւ փոքրիկ բախում:

Ցոյցի մասնակիցները փորձում էին Վրաստանի նախագահին փոխանցել տասը կէտանոց մի նամակ, որում մասնաւորապէս կոչ էր արւում «Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն տալ կրօնական հաստատութեան իրաւական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումն ու զաւթումը, դադարեցնել պետական տարբեր կառոյցների կողմից հայերին վախեցնելու, հայկական շրջանակներում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը Սամցխէ-Ջաւախեթի երկրամասում, հայերէնը հռչակել պետական երկրորդ լեզու, դադարեցնել երկրամասի ժողովրդագրական պատկերը արհեստականօրէն փոխելու քայլերը»:

Վրաստանի նախագահի այցի նախօրէին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցութեան պատգամաւորներից մէկին արգելուել էր հատել հայ-վրացական սահմանը, Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներին արգելուել է այցելել Երեւան եւ մասնակցել հայոց եկեղեցու պատմութեան դասաւանդման վերապատրաստուելու համար: Վրացական կողմը դժուարութիւններ է ստեղծում նաեւ հայկական դասագրքեր եւ լրագրեր Վրաստան տեղափոխելու հարցում: Համալսարանում Սահակաշվիլին, պատասխանելով հայ պատգամաւորի հետ կապուած միջադէպին, ուղղակիօրէն ասաց. «Ոչ հայերը, եւ ոչ էլ Վրաստանում ոեւէ մէկը շահագրգռուած չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունէութեանը, որոնց քայլերը միտուած են վատթարացնել բարեկամական յարաբերութիւնները երկու երկրների միջեւ: Աւելի լաւ է կանխել եւ թոյլ չտալ, որ դա իրականացուի»:

Իր երկօրեայ այցի ընթացքում Սահակաշվիլին ամէն առիթ օգտագործում էր, որպէսզի հնարաւորինս վարկաբեկի եւ անպարկեշտ յայտարարութիւններ թոյլ տայ Ռուսաստանի հասցէին: Նա ռուսներին մեղադրեց Կովկասում խառնակչութիւններ անելու, զաւթողական քաղաքականութիւն վարելու մէջ: Նման անպարկեշտ յայտարարութիւններով Սահակաշվիլին անյարմար վիճակ էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային, բարեկամական յարաբերութիւններ: Սահակաշվիլու նման պահուածքն ու Հայաստանի իշխանութիւնների կողմից նրան բարձր մակարդակով պատուելը ակնյայտօրէն նեարդայնացրեց ռուսներին: Օրինակ, Ռուսաստանի խորհրդարանի ծերակուտական Վլատիմիր Կուսեւը Սահակաշվիլուն Երեւանում Պատուոյ շքանշան յանձնելը համարել է վիրաւորանք Ռուսաստանի հասցէին՝ յաւելելով, որ «իսկական բարեկամները նման կերպ չեն վարւում»: «Այդ արարքը կարող է բարդ մթնոլորտ ստեղծել ռուս-հայկական յարաբերութիւններում», ասել է Կուսեւը:

Մէկ այլ ծերակուտական Վատիմ Կուսթովը, Սահակաշվիլուն պարգեւատրելը համարել է «ոչ բարեկամական քայլ»: «Դա նաեւ արհամարհական վերաբերմունք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհուել են հարաւօսական հակամարտութեան ընթացքում», ասել է նա եւ նկատի ունենալով Սերժ Սարգսեանին, աւելացրել. «Բոլորն էլ ունեն սխալուելու իրաւունք, սակայն եթէ սխալը թոյլ է տրուել գիտակցաբար, ապա դա կարող է ծայրայեղ վատ անդրադառնալ ռուս-հայկական յարաբերութիւնների վրայ»: Էլ աւելի կոշտ է արտայայտուել Ռուսաստանի խորհրդարանի պատգամաւոր, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցութիւնից ընտրուած Վալերի Պոկոմոլովը. «Իւրաքանչիւր երկիր իրաւունք ունի պարգեւատրել ում ցանկանում է, սակայն կարեւոր է հասկանալ, որ չի կարելի թքել այն ջրհորի մէջ, որտեղից դեռ շատ անգամներ ջուր ես խմելու»: Սահակաշվիլու Երեւան այցից յետոյ Պաքու մեկնեց Ռուսաստանի նախագահը: Պատահական համընկնում էր դա՝ թէ ոչ, դժուար է ասել:

Հայաստանի իշխանութիւնները, ինչպէս եւ նախկինում, շատ զգոյշ են վերաբերում հայ-վրացական յարաբերութիւններին: Այդ յարաբերութիւնների կարեւորութիւնը առաւել ակնյայտ է դառնում, երբ նայում ենք այսօրուայ քաղաքական քարտէզին: Հայաստանի սահմանների աւելի քան 80 տոկոսը շրջափակման տակ է. թուրք-հայկական սահմանը փակ է արդէն աւելի քան 16 տարի, հայ-ազրպէյճանականը՝ մօտ երկու տասնամեակ: Ցամաքային ճանապարհով Հայաստանը արտաքին աշխարհի հետ կարող է շփուել միայն Իրանով եւ Վրաստանով: Դէպի ծով ելք չունենալու եւ ցամաքով շրջափակուած լինելու իրողութիւնը Հայաստանին ստիպում է առաւել կարեւորել Վրաստանը որպէս տարանցիկ երկիր, քանի որ մեր երկրի արտաքին ապրանքաշրջանառութեան աւելի քան 70 տոկոսը իրականացւում է հէնց Վրաստանով, իսկ վրացական սեւծովեան նաւահանգիստներն ու վրացական երկաթգիծը արտաքին աշխարհ դուրս գալու մեր կարեւորագոյն ուղիներն են:

Թւում է` առաջիկայ տարիներին, գուցէ` տասնամեակներին, Վրաստանը կը պահպանի իր կարեւորութիւնը Հայաստանի համար, քանի որ ո°չ թուրքերն են պատրաստւում վերջ տալ Հայաստանի շրջափակումը եւ առաւել եւս` ո°չ Ազրպէյճանն է մտքից հանում ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը: Կովկասեան տարածաշրջանի այսօրուայ քաղաքական քարտէսը ցոյց է տալիս, որ այստեղ պետութիւնների միջեւ սահմանները բառի իսկական իմաստով սահմաններ չեն, այլ՝ բաժանարար գծեր: Թուրք-հայկական սահմանը իր փշալարերով ու սահմանապահ աշտարակներով շարունակում է յիշեցնել «Սառը պատերազմի» տարիները: Հայ-ազրպէյճանական սահմանները ականապատ են, իսկ 2004-ից Ռուսաստանի կողմից փակուել եւ բաժանարար գծի է վերածուել նաեւ ռուս-վրացական սահմանը:

Բայց սա դեռ ամէնը չէ. Հարաւային Կովկասի երեք ճանաչուած եւ երեք չճանաչուած երկրները ունեն արտաքին քաղաքական տարբեր, երբեմն` միմեանց հակասող արտաքին քաղաքական օրակարգեր: Այս երկրներից տարածքով ամենամեծը` Ազրպէյճանը, փորձում է հաւասարակշիռ յարաբերութիւններ պահպանել ազգակից ու դաշնակից Թուրքիայի, Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Սակարկութեան համար Իլհամ Ալիեւը շուկայ է հանում առաջին հերթին Կասպիցի նաւթը եւ կազը: Վրաստանը բացայայտօրէն ու առանց յետ՝ դէպի հիւսիս` դէպի Ռուսաստան նայելու ձգտում է դէպի եւրոպական եւ եւրոատլանտեան կառոյցներ` ակնկալելով վերջիններիս օգնութիւնը ռուսական վտանգի դէմ: Հայաստանը թուրքական վտանգի դէմ փորձում է օգտուել ռուս սահմանապահներից ու Գիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմակայանից:

Միջազգայնօրէն չճանաչուած Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան, որոնք 2008-ի օգոստոսեան ռուս-վրացական հնգօրեայ պատերազմից յետոյ ճանաչուեցին Ռուսաստանի կողմից` անկախ եւ ինքնուրոյն քաղաքականութիւն վարելու գրեթէ լծակ չունեն: Քարտէսի վրայ Վրաստանին պատկանող այս երկու միաւորները փաստացիօրէն գտնւում են Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական վերահսկողութեան տակ: Լեռնային Ղարաբաղը, որին չի ճանաչել անգամ Հայաստանը, թէեւ ոչ նախկին ազդեցութեամբ, շարունակում է մնալ համեմատաբար լուրջ ռազմաքաղաքական գործօն ինչպէս Հարաւային Կովկասում, այնպէս էլ միջազգային ուժային երեք կենտրոնների՝ մի կողմից Ռուսաստանի, Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների, միւս կողմից` հարաւկովկասեան երկրների միջեւ յարաբերութիւններում:

Հարաւային Կովկասում անվտանգութեան ահա նման պայմաններում է յատկապէս կարեւորւում հայ-վրացական կայուն եւ կանխատեսելի յարաբերութիւնների պահպանումը: Եթէ հայ-վրացական սահմանները եւս վերածուեն բաժանարար գծերի, ապա մեր տարածաշրջանի եւ արիւնալի հակամարտութիւններից սարսափելի տուժած նրա բնակչութեան ապագան կը դառնայ առաւել քան անկանխատեսելի: Այս իրողութիւնը գիտակցում են ինչպէս Երեւանում, այնպէս էլ՝ Թիֆլիսում: Եւ հէնց այս իրավիճակի գիտակցութեան ընկալումն է պատճառը, որ հայ-վրացական յարաբերութիւնների օրակարգի բազում խնդիրները չեն մղւում առաջին դիրք եւ հրապարակայնօրէն չեն քննարկւում:

Հայաբնակ եւ հայկական Ջաւախքում առկայ քաղաքական, ազգային-մշակութային, ինչպէս նաեւ ընկերային-տնտեսական խնդիրների անտեսումը անընդհատ լարուածութեան թոյն է ներարկելու հայ-վրացական յարաբերութիւններին: Ջաւախքի խնդիրները անտեսում են ոչ միայն Թիֆլիսում, այլ նաեւ Երեւանի իշխանութիւնները: Իր իսկ քաղաքացիների իրաւունքները ամէնուր ոտնահարող Հայաստանի գործող իշխանութիւնները ոչ հրապարակաւ եւ ոչ է փակ դռների հետեւում ընթացող բանակցութիւններում չեն կարող Վրաստանից պահանջել, որպէսզի վրաց պետութիւնը յարգի ջաւախահայութեան մշակութային, լեզուական եւ միւս իրաւունքները: Հարեւան երկրի ժողովրդավարութեան, իրաւական պետութեան, օրէնքի իշխանութեան մասին կարող ես խօսել, եթէ քո երկիրը որակապէս եւ տեսանելի կերպով աւելի բարեկեցիկ է: Այլ խողովակներով եւ այլ մակարդակներով, սակայն, Հայաստանը պարտաւոր է անընդհատ յիեցնել, որ չի հանդուրժի իր հայրենակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքը Ջաւախքում, աչք չի փակի Վրաստանի տարածքում հայկական յուշարձանների նկատմամբ շարունակուող ոտնձգութիւնների վրայ:

Հայաստանի պատանդային վիճակը հաշուի առնելով՝ Վրաստանը պէտք չէ շարունակի մաս կազմել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման այն քաղաքականութեանը, որը թելադրւում է Անգարայից ու Պաքուից: Ինչպէս Հայաստանն է բարեկամական չէզոքութիւն պահպանում վրաց-ռուսական յարաբերութիւններում, վկան` օգոստոսեան պատերազմը, այնպէս էլ Վրաստանը պէտք է նոյնը անի հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում: «Կողմ» կամ «դէմ» քուէարկելուց բացի, կան նաեւ քուէարկութեան այլ ձեւեր, ինչպէս «ձեռնպահն» է կամ ընդհանրապէս չքուէարկելը, ուրեմն` միջազգային տարբեր ֆորումներում, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունւում են բանաձեւեր, Թիֆլիսը կարող է նաեւ երբեմն չքուէարկել այնպէս, ինչպէս քուէարկում են Անգարան ու Պաքուն: Նման մօտեցումը Երեւանը կը գնահատի յաւուր պատշաճի:

Աւանդական բաժակաճառերը մի կողմ` պիտի նաեւ ընդունել, որ հայ-վրացական յարաբերութիւնները ունեն զարգացման լուրջ ներուժ: Մեր ընդհանուր քրիստոնէական անցեալն ու պատմութեան ընթացքում ունեցած իրաւամբ բարեկամական յարաբերութիւնները, Ջաւախքում արժանապատիւ ապագայ ապահովելը մեկնարկային բարենպաստ պայմաններ կարող են ստեղծել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարեւաններին վայել յարաբերութիւններ կառուցելու համար:

Վրաստանի որեւէ նախագահ Հայաստան այցելութեան ընթացքում չի հրաժարւում ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ինչպէս երբեմն անում են հարեւան այլ երկրների նախագահներ, վերջին անգամ Իրանի նախագահ Մահմուտ Ահմատինեժատն ու Սուրիոյ առաջնորդ Պաշշար Ասատը: Վրաստանի առաջնորդները Ծիծեռնակաբերդում խոնարհւում են ոչ միայն այն պատճառով, որ այդպէս է ենթադրում արարողակարգն ու տարրական քաղաքավարութիւնը, այլ որովհետեւ վրաց ժողովրդի բացատրելու կարիք չկայ, թէ ինչ ասել է օսմանեան եաթաղան:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար
Երեւան

Apr 3, 2009

1921 Թ. ԱՊՐԻԼ 2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Հայկական պատմագրութեան մէջ 1921 թուականի ապրիլի 2-ը այնքան էլ յիշարժան տարեթիւ չէ: Յամենայն դէպս, ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում քչերը գիտեն, որ հէնց այդ օրն է վերջնականապէս պատմական թատերաբեմից հեռացուել Հայաստանի Առաջին հանրապետութիւնը: Խորհրդային եօթ տասնամեակների ընթացքում «Հայոց պատմութիւն» դասագրքերում գրւում էր, որ Հայաստանը խորհրդայնացուել է 1920 թուականի նոյեմբերի 29-ին: Սա այն տարեթիւն է, երբ Պաքուից հայ պոլշեւիկները Հայաստանի հիւսիս-արեւելքից՝ Իջեւանից (այն ժամանակ՝ Քարվանսարա) մտան անկախ պետութեան տարածք:
Մինչ այդ, 1920 թուականի ապրիլի 28-ին խորհրդայնացուել էր Ազրպէյճանը: Այսպիսով, Խորհրդային Ազրպէյճանում ապաստան գտած հայ պոլշեւիկները, օգտագործելով այն վիճակը, որ Հայաստանը արնաշաղախ թպրտում էր թուրքական մուրճի եւ ռուսական սալի միջեւ, շարժուեցին Հայաստան: Դրանք այն օրերն էին, երբ Քեազիմ Գարապեքիրի զօրքերը գրաւել էին Կարսն ու Ալեքսանդրապոլը (այսօրուան Գիւմրին) եւ հաշտութեան իրենց՝ թուրքական պայմաններն էին պարտադրում հայկական պատուիրակութեանը, որը գլխաւորում էր Ալեքսանդր Խատիսեանը: Դեկտեմբերի 2-ի ուշ գիշերը, արդէն դեկտեմբերի 3-ի լոյս առաւօտեան կողմ ստորագրուեց Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
Դեկտեմբերի 2-ին անկախ Հայաստանի վերջին կառավարութիւնը Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ իշխանութիւնը խաղաղ պայմաններում յանձնեց Յեղկոմին, որի նախագահը Սարգիս Կասեանն էր: Ուրեմն, Հայաստանը խորհրդայնացաւ ոչ թէ նոյեմբերի 29-ին, ինչպէս պնդում են եւ մինչեւ օրս այդ տարեթիւը հանդիսաւոր պայմաններում նշում Հայաստանի համայնավարները, այլ՝ դեկտեմբերի 2-ին: Այստեղ եւս մէկ կարեւոր հանգամանք շեշտենք. ա՛յո, Հայաստանը խորհրդայնացաւ, բայց ճիշդ չէ ասել, թէ անմիջապէս կորցրեց անկախութիւնը: Թէեւ Մոսկուայի պոլշեւիկների բացայայտ իշխանութեան եւ թելադրանքի տակ էր Հայաստանը, բայց այն վերջնականապէս իր անկախութիւնը, թէեւ՝ անուանական, կորցրեց եւ Խորհրդային Միութեան մաս կազմեց միայն 1922 թուականի դեկտեմբերին:
Ինչո՞ւ պէտք է 1921 թուականի ապրիլի 2-ը յիշատակել որպէս Հայաստանի Առաջին հանրապետութեան մայրամուտի օր: 1920 թ. դեկտեմբերի 2-ից մինչեւ 1921 թ. փետրուարի 18-ը Հայաստանը Յեղկոմի ձեռքում էր, աւելի ճիշդ՝ Աթարբեգեան-Աւիս Նուրիջանեան խմբակի ձեռքին: «Կասեանի իշխանութիւնը անուանական էր եւ ո՛չ մի հեղինակութիւն չունէր ո՛չ ժողովուրդի, ո՛չ էլ Համայնավար կուսակցութեան մէջ: Աթարբէգեանը Համառուսական Չեկայի լիազօր ներկայացուցիչն էր, իսկ Աւիսը զինուորական կոմիսար էր եւ ամենաազդեցիկ անձը այն ժամանակ Հայաստանում գտնուող հայ համայնավարների շարքում», գրում է Վրացեանը («Էջեր մօտիկ անցեալից», «Հայրենիք» ամսագիր, թիւ 4, փետրուար 1923):
Դաշնակցութիւնը ոչ միայն առանց կրակի իշխանութիւնը յանձնեց Յեղկոմին, այլ պատրաստակամութիւն յայտնեց իր ուժերը դնել նոր իշխանութեան տրամադրութեան տակ: Այսպէս, Համբարձում Տէրտէրեանը, ով Դրոյի հետ միասին պիտի լինէր Յեղկոմի անդամ, նշանակուեց պետական գանձարանի կոմիսար: Նախկին վարչապետ Քաջազնունին նշանակուեց մի երրորդական պաշտօնում՝ հաղորդակցութեան կոմիսարութեան խճուղային բաժնի վարիչի օգնական: Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Սիրական Տիգրանեանը, Սիմոն Վրացեանը եւ Էս.Էռ.ական Ա. Խոնդկարեանը դարձան արդարադատութեան կոմիսարութեան յանձնաժողովներից մէկի անդամներ, իսկ մէկ այլ նշանաւոր Էս.Էռ.ական Վ. Մինախորեանը՝ երդուեալ պաշտպան:
Վրացեանը գրում է. «Դեկտեմբերի 4-ին Երեւան հասաւ պոլշեւիկեան Յեղկոմը, իսկ 6-ին՝ ռուսական առաջին զօրամասը: Մեր ընկերներին ամէն տեղ հրահանգ էր տրուած ճանաչել նորեկ իշխանութիւնը եւ ամէն կերպ օգնել նրան: Ես ինքս յատուկ շրջաբերականով կոչ արի ընկերներին՝ նեցուկ հանդիսանալ նոր իշխանութեան: Դրոն, փոխանակ Յեղկոմի անդամ դառնալու, աքսորուեց իր լաւագոյն զինակից սպաներով: Ապա Ազրպէյճան եւ Ռուսաստան քշուեցին բոլոր հայ սպաները՝ մօտ 1500 հոգի... Յետոյ սկսուեցին մտաւորականների զանգուածային բանտարկութիւնները. 2000-ից աւելի գործիչներ բանտը նետուեցին: Քաղաքական բռնութիւններին զուգընթաց, զարգացաւ տնտեսական հարստահարութիւնը: Տաճիկները շարունակում էին նստել Ալեքսանդրապոլում եւ թալանել Շիրակի հայ գիւղերը: Հիասթափութիւնն ու զզուանքը պոլշեւիկեան իշխանութիւնից կատարեալ էր ժողովրդի մէջ... Ես ինքս մի քանի տեսակցութիւն ունեցայ Յեղկոմի նախագահ Կասեանի եւ Չեկայի վարիչի՝ Աթարբեգեանի հետ, որոնց ամէն կերպ աշխատում էի համոզել վերջ տալ այս կոյր քաղաքականութեան: Չնայած այս զարհուրելի կացութեան՝ Դաշնակցութիւնն այնուամենայնիւ աշխատում էր մեղմել, զսպել ժողովրդական զայրոյթը եւ խուսափել քաղաքացիական կռուից, որի սարսափելի հետեւանքները պարզ նախատեսում էինք ամէնքս: Փետրուարի 9-ի լոյս 10-ի գիշերը Երեւանում ձերբակալուեցին 200-ից աւելի դաշնակցական պատասխանատու գործիչներ: Որոշուած էր ձերբակալել բոլորին... Լուր կար նաեւ, որ ձերբակալուածների մի մասը պէտք է սպաննուի: Այս դէպքը դարձաւ այն վերջին կաթիլը, որից յետոյ պայթեց ժողովրդական զայրոյթը» («Հայրենիք», թիւ 2, դեկտեմբեր, 1922):
Դաշնակցական շատ ընկերներ ՀՅԴ ԿԿ-ում ապստամբութեան հարցը դրել են դեռ մինչեւ փետրուարի 18-ի ընդվզումը եւ այդ հարցը մի քանի անգամ քննարկուել է: Վրացեանը, ինչպէս եւ ԿԿ-ն, միշտ դէմ են եղել ապստամբութեանը: Այս պնդումը հաստատում է նաեւ Շիրակի նահանգապետ Կարօ Սասունին. «Վրացեանը եւ մի քանի ուրիշ ընկերներ նախապէս համաձայն չէին ապստամբութեան: Փետրուարի սկզբներին սկսած խելագար հալածանքները եւ գաղտնի գնդակահարութիւնները ստիպեցին նրանց կողմնակից դառնալ յեղափոխութիւն առաջացնելուն»: («Հայրենիք», թիւ 1 (37), նոյեմբեր, 1925):
Վրացեանը գրում է. «Բայց կեանքը լուծեց այն, ինչ որ չէինք համարձակում մենք լուծել: Փետրուարի 13-ին Կոտայքի Զար գիւղում տեղի է ունենում Կոտայքի եւ Ծաղկաձորի շրջանի գիւղերի եւ ժողովրդական վաշտերի ներկայացուցիչների խորհրդաժողով, ուր միաձայնութեամբ պարզւում է, որ դրութիւնն այլեւս անհանդուրժելի է եւ որոշւում է փետրուարի 15-17-ին Հայաստանում առաջ բերել յեղաշրջում: Կազմւում է ապստամբութեան ղեկավար մարմինը՝ Հայրենիքի փրկութեան կոմիտէն: Ապստամբ ուժերի պետ է նշանակւում անկուսակցական սպայ Թարխանեանը: Երկու օրուայ մէջ «կազմակերպւում» է ապստամբութիւնը, եւ փետրուարի 18-ին Երեւանն այլեւս զարդարուած էր Եռագոյն դրօշակներով... Դա մի եզակի, աննկարագրելի, արբեցնող վայրկեան էր, որ կարելի էր զգալ, ապրել, բայց բնաւ՝ նկարագրել: Մանաւանդ յուզիչ էր ու ցնցող այն վայրկեանը, երբ ժողովրդական ցասումի տակ խորտակուեցին պոլշեւիկեան արիւնոտ բանտի ու Չեկայի դռները եւ հազարաւոր բանտարկեալներ ազատ դուրս եկան Եռագոյն դրօշակներով պճնուած փողոցը, ուր նրանց ողջունեց «Մեր հայրենիքը»... Աւա՜ղ, նրանց մէջ չկային՝ Համազասպը, բանուոր Սերգոն, հերոս գնդ. Ղորղանեանը եւ ուրիշներ, որոնք քիչ առաջ մահացել էին պոլշեւիկեան կացինների տակ» («Հայրենիք», թիւ 2, դեկտեմբեր, 1922):
Վրացեանը այսպէս է նկարագրում փետրուարի 18-ը. «Ճառերը շարունակուեցին, իսկ մենք անցանք կառավարութեան տունը: Նոր էինք ներս մտել, երբ իրար յետեւից սկսեցին գալ շնորհաւորելու օտար պետութիւնների ներկայացուցիչները եւ քաղաքական կուսակցութիւնների ու հասարակական կազմակերպութիւնների պատգամաւորութիւնները: Մասնաւորապէս բուռն ուրախութիւն էր արտայայտում Անգարայի ներկայացուցիչ Պեհաէտտին պէյը, որը շտապել էր առաջինը շնորհաւորելու եւ շատ վշտացած էր երեւում, որ իրենից առաջ արդէն պարսից ներկայացուցիչն ու ամերիկացիները շնորհաւորել էին... Չեմ յիշում՝ ով յայտարարեց, որ ես նշանակուած եմ Հայրենիքի փրկութեան կոմիտէի նախագահը: Քիչ յետոյ Քանաքեռից Երեւան հասան փետրուարի 18-ի իսկական հեղինակները՝ Կոտայքի ապստամբութեան ղեկավարներն ու Հայրենիքի փրկութեան կոմիտէի անդամները: Ժողովուրդը նրանց ընդունեց խանդավառ ցոյցերով ու պաշտամունքով: Գնդ. Թարխանեանը, իբրեւ սպարապետ, իր գործակիցների հետ անցաւ սպայակոյտի շարքը» («Հայրենիք», թիւ 6, ապրիլ, 1923):
Շուտով պոլշեւիկներից ազատագրուած Հայաստանի տարբեր հատուածներում կազմաւորւում են տեղական փրկութեան կոմիտէներ: Յեղկոմը եւ պոլշեւիկեան զօրքերը հեռանում են Ղամարլուի (Արտաշատ) ուղղութեամբ՝ դէպի Հայաստանի թրքաբնակ շրջաններ: Պոլշեւիկեան միւս ուժերը յետ են քաշւում դէպի Ելենովկա (Սեւան) եւ Համամլու (Սպիտակ): Պոլշեւիկների դէմ կռիւներին աշխուժ մասնակցութիւն են ունենում Հայաստանի բոլոր կուսակցութիւնները: Հայրենիքի փրկութեան կոմիտէին կից հաստատւում է բոլոր կուսակցութիւնների՝ ՀՅԴ, Սահմանադիր-ռամկավար, Սոցիալիստ-յեղափոխական, Սոցիալ-դեմոկրատ, Հնչակեան ներկայացուցիչներից կազմուած միջկուսակցական մի մարմին, որը դրամ եւ մթերք էր հաւաքում ռազմաճակատի համար:
Ա. Արշակունին գրում է, որ փետրուարեան ապստամբութեան ղեկավարը եղաւ ոչ թէ ՀՅԴ բարձր խաւը, այլ՝ միջին սերունդը. «Ականաւոր դաշնակցականների մի մասը ստիպուած հեռացել էր Հայաստանից, արտասահման անցել, իսկ միւս մասը գտնւում էր բանտերում: Ապստամբութեանը մասնակցում էին գերազանցօրէն գիւղացիական զանգուածները: Նրանք չունէին այն կարգապահութիւնը, դիսցիպլինը, ինչ որ անհրաժեշտ է ամէն մի կանոնաւոր, ռէգուլիար զօրքի համար: Գիւղացիութիւնը նոյնիսկ կարգին զինուած չէր եւ չունէր բաւականաչափ ռազմամթերք» («Հայրենիք», թիւ 4 (52), փետրուար, 1927):
Ալեքսանդր Խատիսեանը, լինելով ՀՅԴ ղեկավարներից, փետրուարեան յեղափոխութեան լուրն ստանում է Պոլսում: «Փետրուարի 21-ի առաւօտեան Վրաստանի արտաքին գործոց նախարար Գեգեչկօրիէն ես իմացայ երկու նորութիւն. Վրաստանի տէ ժիւրէ ճանաչման մասին եւ փետրուարի 18-ի ապստամբութեան մասին՝ Հայաստանում» («Հայրենիք», թիւ 1 (49), նոյեմբեր, 1926):
Կարօ Սասունին գրում է, որ Հայրենիքի փրկութեան կոմիտէն ռատիոյով աշխարհին յայտնում է Հայաստանում տեղի ունեցող յեղափոխութեան մասին՝ նկարագրելով ահռելի գազանութիւնները, որոնք տեղի էին ունեցել պոլշեւիկեան վարչակարգի մի քանի շաբաթների ընթացքում:
«Մասնաւոր մի ռատիօ ուղղուեց Լենինին՝ յայտնելով նրան Հայաստանի գիւղացիական յեղափոխութեան եւ ազատ եւ անկախ ապրելու մեր հաստատակամութեան մասին: Այդ ռատիօ-հեռագրի մէջ յոյս էր յայտնւում նաեւ, որ Ռուսաստանի սոցիալիստական հանրապետութիւնը պիտի դադարեցնի թշնամական գործողութիւնները մեր դէմ եւ բարեկամական ձեռք մեկնի Հայաստանի աշխատաւորութեանը: Անմիջապէս յայտնուեց նաեւ Վրաստանին՝ տեղի ունեցող յեղաշրջման մասին... Որպէս անմիջական դրացիի, Հայաստանի նոր կառավարութիւնը բարեկամական յարաբերութեան մէջ մնաց Տաճկաստանի հետ... Մենք մեծապէս գիտակցում էինք թրքական վտանգը եւ հնարաւոր խոհեմութիւնը գործադրում էինք գոնէ ժամանակաւորապէս Թուրքիան հանդարտ պահելու: Փրկութեան կոմիտէն ոչ մի ատեն իր մտքից չի անցրել կանչելու թրքական զօրքերը Հայաստան, բացի նրանից ռազմամթերք խնդրելէ: Եւ եթէ ստանար, շատ լաւ կը լինէր... Տաճկաստանը, առանց խառնուելու մեր ներքին խնդիրներին, սպասում էր կռիւների ելքին», գրում է Սասունին («Հայրենիք», թիւ 2 (38), դեկտեմբեր, 1925):
Վրացեանը գրում է. «Ապստամբութիւնից առաջ Երեւանի տաճկական հիւպատոսը վստահեցրել էր մեր ընկերներից ոմանց, որ Տաճկաստանը կը պահպանէ խիստ չէզոքութիւն: Այդպէս էլ եղաւ: Նոյնիսկ, տաճիկ հրամանատարութիւնը հրահանգել էր Նախիջեւանի թուրքերին՝ մնալ չէզոք եւ չկռուել մեր դէմ: Իսկ Երեւանի թուրքերը բարեկամական տրամադրութիւն էին ցոյց տալիս դէպի մեզ: Բայց եւ այնպէս մենք վախենում էինք, որ տաճիկները կարող են որեւէ պատրուակով մտնել Երեւան: Մենք աշխատում էինք ամէն կերպ ցոյց տալ մեր բարեկամութիւնը տաճիկներին եւ նրանց ներշնչել հաւատ դէպի մեզ: Մենք նոյնիսկ դիմում արինք տաճիկներին՝ խնդրելով զինուորական օգնութիւն պոլշեւիկների դէմ: Եւ այդ նպատակով յատուկ սպայ ուղարկեցինք Իգտիր՝ տաճիկ հրամանատարութեան մօտ: Ի հարկէ, մենք գիտէինք, որ տաճիկները մեզ չեն օգնի իրենց դաշնակցի դէմ, բայց մեր դիմումով կամենում էինք շեշտել մեր բարեկամական վերաբերմունքը եւ ներշնչել վստահութիւն դէպի մեզ» («Հայրենիք», թիւ 3, յունուար, 1923):
Վրացեանը գրում է, որ Հայրենիքի փրկութեան կոմիտէն ձգտում էր նոր հիմքերի վրայ դնել հայ-տաճկական յարաբերութեանց խնդիրը եւ փոխադարձ համաձայնութեամբ, թէկուզ մեծ զիջումներով, լուծել սահմանային վէճերը. «Կեանքի փորձը մեզ ցոյց էր տալիս, որ Հայաստանի անկախ գոյութեան համար ամէնից առաջ անհրաժեշտ էր տաճկական բարեացակամութիւնը: Ոմանք փորձում են մեզ մեղադրել տաճիկների հանդէպ բռնած մեր ընթացքի համար, անուանելով մեզ «տաճկասէր», «տաճկական օրիենթացիայի» հետեւող: Մեզ համար չկար ու չկայ ո՛չ տաճկական օրիենթացիա, ո՛չ ռուսական... մեր օրիենթացիան հայկական է: Պէտք է մէկ անգամ ընդմիշտ հասկանալ, որ անկախ Հայաստանի համար Տաճկաստանը ճակատագրական ուժ է» («Հայրենիք», թիւ 3, յունուար, 1923):
Այսպէս, 42 օր՝ փետրուարի 18-ից մինչեւ ապրիլի 2-ը, Հայաստանի կենտրոնական հատուածը՝ Երեւանից մինչեւ Արտաշատ, Սեւան ու Սպիտակ, կրկին անկախ էր: Փետրուարի վերջերին խորհրդայնացուեց Վրաստանը, ինչը աւելի դժուարացրեց Հայաստանի վիճակը: Ապրիլի 2-ին Փրկութեան կոմիտէն պոլշեւիկեան գերազանց ուժերի ճնշման տակ մարտերով ստիպուած եղաւ հեռանալ Երեւանից եւ դժուարին ճանապարհներով աւելի քան տասը հազար ժողովրդի հետ քաշուել դէպի Զանգեզուր, որտեղ Գարեգին Նժդեհը հռչակել էր անկախ Լեռնահայաստանը: Մինչեւ 1921 թուականի ամառը Լեռնահայաստանը կարողացաւ դիմադրել պոլշեւիկեան գրոհներին: Յուլիսի 10-ին Լեռնահայաստանի կառավարութիւնը, նրանց հետ հազարաւոր հայեր անցան Արաքսը, եւ ամբողջ Զանգեզուրն ընկաւ պոլշեւիկների ձեռքը: