ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ,
Յատուկ «
Ազդակ»ի համար
Սեպտեմբերի 19-ին Վանայ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ, 1915-ից յետոյ, տրուելու է սուրբ պատարագ: 2007-ի մարտին Սուրբ Խաչը վերանորոգուելուց յետոյ, պաշտօնապէս բացուեց որպէս թանգարան «Աքտամար» թրքացուած անունով, որտեղ եկեղեցական արարողութիւններն արգելւում են: Եկեղեցու վրայ թուրքական իշխանութիւնները արգելեցին խաչ տեղադրել` հակառակ Պոլսոյ հայոց պատրիարքութեան խնդրանքներին: Թուրքական կողմը քարոզչական նպատակներով լաւագոյնս օգտագործեց այդ առիթը: Նոյնը, բնականաբար, անելու է այս անգամ` մէկանգամեայ պատարագի փաստն օգտագործելով իբրեւ թուրքական հանդուրժողականութեան դրսեւորում փոքրամասնութիւնների նկատմամբ, յարգանք պատմութեան եւ համաշխարհային ժառանգութեան հանդէպ:
Հայաստանի իշխանութիւնները, ինչպէս կարելի է ենթադրել նրանց խօսնակների ու լրատուամիջոցների պահուածքից, չեն խրախուսում հայերին ներկայ գտնուելու սուրբ պատարագին: Մեր երկրի առաջին դէմքերը դառնացած ու մինչեւ հոգու խորքը վիրաւորուած են թուրքերից` վարչապետ Էրտողանից, արտաքին գործերի նախարար Տաւութօղլուից եւ, մասամբ` մշտապէս պեխերի տակ ժպտացող նախագահ Կիւլից: Պատճառը պարզ է` թուրքերը երկու տարի «ֆութպոլ խաղալուց» յետոյ ոչ միայն վերջ չտուեցին Հայաստանի շրջափակմանը, չհաստատեցին դիւանագիտական կամ այլ կարգի յարաբերութիւններ Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հարցում շարունակեցին իրենց ազրպէյճանանպաստ կեցուածքը, այլ նաեւ սպառնացին, թէ Թուրքիայից կը վտարեն «հազարաւոր հայաստանցիների»: Ու հիմա իրենց թուրք գործընկերներից վիրաւորուած Հայաստանի իշխանութիւնները գործի են դրել իրենց «ծանր հրետանին»` իշխանամէտ գործիչները, քաղաքագէտները, պատմաբան-արեւելագէտները, լրագրողները, որոնք հայաստանցիներին խելք են սովորեցնում, թէ` գիտէք, պէտք է ընդհանրապէս հրաժարուել Վան գնալուց եւ պատարագին մասնակցելուց, քանի որ թուրքերը դա շահարկելու են:
Անկասկած թուրքերը շահարկելու են: Իսկ եթէ ոեւէ հայ, անգամ պոլսահայ, չգնայ Աղթամար, ինչը բացառւում է, թուրքերը դա չե՞ն շահարկելու: Ինչպէս 2007-ին, երբ որպէս թանգարան վերաբացւում էր Սուրբ Խաչը, այնպէս էլ այսօր Թուրքիան շատ լաւ հաշուարկ է կատարել եւ փորձելու է սեպտեմբերի 19-ի սուրբ պատարագը համաշխարհային հանրութեանը հնարաւորինս «թանկ վաճառել»: Եւ այդ հարցում մի քանի հարիւր հայերի ներկայութիւնը կամ բացակայութիւնը ոչինչ կամ գրեթէ ոչինչ չի փոխելու: Սակայն արդեօք Հայաստանը, որպէս պետութիւն, իսկ սփիւռքը, որպէս պահանջատէր ու իրական տէր մեր Սուրբ Խաչի, Մշոյ Սուրբ Կարապետի, Անիի կիսականգուն եկեղեցիների, մզկիթի վերածուած Կարսի Սուրբ Առաքելոց վանքի ու բազմաթիւ այլ կոթողների, չունե՞ն անելիք, բացի հաւատացեալ հայերին յորդորելուց ու խելք սովորեցնելուց: Խօսքը չի վերաբերում քարոզչական նպատակներով ու շատ պարզունակ այն յայտարարութիւններին, որ այսօր անում են հայ իշխանամէտ գործիչներն ու ոչ միայն նրանք: Նրանց մեծ մասն ասում է. «Չէ, չպիտի գնալ Վան, քանի որ թուրքերը մեր ներկայութիւնը շահարկելու են»: Կայ մէկ այլ, շատ աւելի փոքր խումբ, որն ասում է. «Իսկ ինչո՞ւ չգնալ Վան, չէ՞ որ Սուրբ Խաչը մերն է, չէ՞ որ մեր ներկայութեամբ կարող ենք աշխարհին ցոյց տալ, որ դա մեր եկեղեցին է, որ հայկական է, որ թուրքերը ոչ միայն հայութեանն արմատախիլ են արել իրենց հայրենիքից, այլ զաւթել մեր տներն ու եկեղեցիները»:
Ես, որպէս լրագրող, 2007-ի մարտին ներկայ եմ եղել Սուրբ Խաչի բացման արարողութեանը եւ հաւատացնում եմ, որ այդ միջոցառմանը ներկայ էր ընդամէնը մի քանի հարիւր մարդ, որից մի մասը հայեր էին Հայաստանից, սփիւռքից ու Պոլսից: Ես, որպէս լրագրող, սեպտեմբերի 19-ին եւս ներկայ եմ լինելու սուրբ պատարագին եւ կարող եմ վստահ լինել, որ այս անգամ էլ միջոցառմանը ներկայ է լինելու ընդամէնը մի քանի հարիւր մարդ: Ովքեր գոնէ մէկ անգամ եղել են Վանում, կարող են հաստատել, որ ուղղակի ֆիզիքապէս հնարաւոր չէ Սուրբ Խաչում կազմակերպել միջոցառում հազարաւոր մարդկանց ներկայութեամբ: Անշուշտ թուրքերը արդէն իսկ իրականութեանը չհամապատասխանող լուրեր են տարածում, թէ հազարաւոր հայեր են ներկայ լինելու, թէ` Վանի հիւրանոցներն արդէն զբաղեցուած են, որ քաղաքի բնակիչներն են իրենց տներում հիւրընկալելու հայերին ու միւս հիւրերին: Այս ամէնը, սակայն, քարոզչութիւն է, պարզունակ «թուրքապատում», որին լծուել են թուրքերը պետական մակարդակով, եւ որի դէմ պայքարելը, իմ կարծիքով, Հայաստանի ու սփիւռքի կողմից անիմաստ է ու անտեղի ջանքերի վատնում:
Հայաստանը եւ սփիւռքը սեպտեմբերի 19-ին, որպէսզի իրենց ձայնը հասնի համաշխարհային հանրութեանը, պէտք է այլ քայլեր կատարեն: Ընդ որում, այդ քայլերը պէտք է բխեն իրականութիւնից եւ չլինեն պարզունակ քարոզչական ու հակաթուրք ձեռնարկներ:
Առաջին. հայաստանցիները եւ սեպտեմբերի 19-ին Հայաստանում գտնուող սփիւռքահայերը կարող են բողոքի խաղաղ երկու տարբեր ցոյցեր կազմակերպել կողպուած թուրք-հայկական երկու սահմանադռների մօտ` Մարգարայում եւ Ախուրեանում: Քանի որ Թուրքիան 1993-ից ի վեր թշնամական աքթ է իրականացնում Հայաստանի նկատմամբ ու փորձում է շրջափակման միջոցով ծնկի բերել մեր երկիրը, Սուրբ Խաչի պատարագը լաւ առիթ կը լինի, որպէսզի միջազգային հանրութեանը եւս մէկ անգամ յիշեցնել, թէ իրականում ինչպիսին է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ցոյց տալ, որ իրական Թուրքիան սահման փակող եւ պարբերաբար սպառնացող Թուրքիան է եւ ոչ թէ Սուրբ Խաչում մէկ անգամ սուրբ պատարագ թոյլատրող Թուրքիան: Բնականաբար միջազգային առաջատար լրատուամիջոցները, անկախ նրանից հայերը կը մասնակցեն Սուրբ Խաչի պատարագին, թէ ոչ, այդ ձեռնարկը լայնօրէն լուսաբանելու են: Վստահաբար այդ նոյն լրատուամիջոցները միաժամանակ կը լուսաբանեն նաեւ Մարգարայի եւ Ախուրեանի խաղաղ ցոյցերը, եթէ հայերը նման բան իրաւամբ կարողանան կազմակերպել: Հայաստանի մայրաքաղաքից մինչեւ հայ-թուրքական սահմանադուռ` Մարգարայ, ընդամէնը 40 քմ է, իսկ մեծութեամբ երկրորդ քաղաքից` Գիւմրիից մինչեւ Ախուրեան, որտեղով անցնում է Հայաստանը Թուրքիային կապող եւ պարապուրդի մատնուած երկաթուղին, մօտ 10 քմ: Նախագահ Սարգսեանի ու Հայաստանի գործող իշխանութիւնների ձախողուած «ֆութպոլային դիւանագիտութիւնից» յետոյ միջազգային հասարակական կարծիքը փոխուել է ի վնաս Հայաստանի այն իմաստով, որ արդէն երկու տարի որեւէ խոշոր պետութիւն կամ միջազգային կազմակերպութիւն այլեւս Թուրքիային չի յիշեցնում Հայաստանը շրջափակման տակ պահելու անթոյլատրելիութեան մասին: Սեպտեմբերի 19-ը լաւ առիթ է դա յիշեցնելու:
Երկրորդ. սեպտեմբերի 19-ին աշխարհի հայաշատ մայրաքաղաքներում կարելի է կազմակերպել մոմերով բողոքի խաղաղ ցոյցեր Թուրքիայի դեսպանատների, հիւպատոսարանների եւ այլ կարգի պաշտօնական ներկայացուցչութիւնների առաջ: Համաշխարհային լրատուամիջոցները Սուրբ Խաչի պատարագի հետ միաժամանակ դրանք էլ կը լուսաբանեն: Մոմերով խաղաղ այդ ցոյցերի ընթացքում կարելի է նաեւ պաստառներով պատմել Արեւմտեան Հայաստանի հայկական այն վանքերի, եկեղեցիների ու միւս յուշարձանների մասին, որոնք վերածուել են մզկիթի, քանդուել են կամ պարզապէս անուշադրութեան մատնուել: Դա լաւ առիթ կը լինի նաեւ պահանջել, որպէսզի Սուրբ Խաչը, մզկիթի վերածուած Կարսի Առաքելոցը եւ միւս եկեղեցիները վերադարձուեն Պոլսոյ պատրիարքարանին եւ հայ նուիրապետական աթոռը որոշի, թէ ե՛րբ անցկացնի պատարագ կամ կրօնական այլ ձեռնարկ:
Այստեղ արժէ յիշեցնել 2008-ի սեպտեմբերի 6-ը, երբ նախագահ Կիւլը վեց ժամով այցելեց Երեւան: Այդ օրերին Հայաստանի իշխանութիւնները, լրատուամիջոցների մեծ մասը այն աստիճանի էին ոգեւորուած, որ, մի պատգամաւորի խօսքերով` «կարծես գտել էին իրենց կորցրած եղբօրը»: Բացառութիւն էր միայն Դաշնակցութեան կազմակերպած խաղաղ ցոյցը օդանաւակայանում, Երեւանի բոլոր այն փողոցներում, որտեղով անցնում էր Թուրքիայի նախագահի մեքենան: Համաշխարհային լրատուամիջոցներն այդ օրերին գերազանցապէս ցոյց էին տալիս սեպտեմբերեան արեւի տակ հրճուանքից պայթող Կիւլի ու Սարգսեանի դէմքերը, երկու նախագահների ձեռքով ողջոյնները «Հրազդան» մարզադաշտում հաւաքուած հայ ու թուրք ֆութպոլասէրներին, նրանց անսահման ուրախութիւնը` անկախ նրանից, թէ որ խումբն էր կոլ խփում (կոլ խփում էին միայն թուրքերը): Հայ-թուրքական բարձր մակարդակի այս աննախադէպ ողջագուրման ժամերին միակ սթափ ձայնը գալիս էր Երեւանի փողոցներում կանգնած մարդկանց ձեռքերին պահած պաստառներից` «Ես Վանից եմ», «Ես Կարսից եմ», «Ես Մուշից եմ», «Իմ տունը թողել եմ Վանայ ծովի ափին»...