Sep 21, 2010

ԱՂԹԱՄԱՐ, ԱՌԱՆՑ ԽԱՉԻ, ԲԱՅՑ` ՀԱՅԵՑԻ, ԼԱՑՈՎ ՈՒ ՅՈՒԶՈՒՄՈՎ

ՎԱՆԱՅ ԾՈՎԸ 95 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ԼՍԵՑ ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՂՕԹՔԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար - Վան

Մինչ հայ հոգեւորականները Պոլսոյ հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշեանին շրջապատած կիսաքանդ մատուռից շարժւում էին դէպի Սուրբ Խաչ, մի քանի հարիւր հայեր՝ գերազանցապէս Պոլսից ու սփիւռքից (հիմնականում Պոլսից այլ երկրներ տեղափոխուածներ), պտտւում էին եկեղեցու շուրջը, անվերջ ու անթարթ նայում ծովին, մոմեր վառում եկեղեցու հարեւանութեամբ դրուած մոմարաններում ու արտասւում: Սուրբ Խաչն արժանի էր աւելի շատ հայերի ներկայութեան, աւելի շատ հայ արտասուողների, աւելի շատ հայ աղօթողների, աւելի շատ իր շուրջը պտտուող հաւատացեալների: Վանայ մեր ծովը, ծովի վճիտ կապտականաչաւուն ալիքներն արժանի էին ու կարօտ աւելի շատ հայ աչքերի: Սեպտեմբերի 19-ի կէսօրին, սակայն, ընդամէնը մի քանի տասնեակ հայեր էին եկել Հայաստանից, մի քանի տասնեակը` սփիւռքից, այսպիսով անսալով Հայաստանի իշխանութիւնների ու Հայ առաքելական եկեղեցու նուիրապետական աթոռների (բացի Պոլսոյ հայոց պատրիարքութեան) յորդորին, այն է՝ հենց այդ օրը չլինել Աղթամարում ու չմասնակցել, նրանց խօսքերով՝ թուրքական շոուին:

Սիրիայում բնակուող, "Փիւնիկ" հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմպերճեանը առաջին անգամ չէր Աղթամարում եւ Արեւմտեան Հայաստանում: Նա տիկնոջ հետ էր եկել եւ ճիշդ է համարում, որ Հայաստանից կազմակերպութիւններ կամ պետական մակարդակով չեն մասնակցում այս պատարագին, սակայն միւս կողմից՝ բնական է համարում, երբ անհատ հայեր աշխարհի տարբեր կողմերից, այնուամենայնիւ եկել են հայ ժողովրդի համար նուիրական այս վայրում այս պատարագին: «Սրանք մեր հողերն են, մենք պէտք է մեր ուզած ժամանակ գանք այստեղ, մեր ուխտը կատարենք, մեր մոմը վառենք», - ասաց Չեմպերճեանը, ով մէկն է այն հայերից, ով նուիրատւութիւն է կատարել Տիգրանակերտի` այսօրուայ Տիարպեքիրի հայկական եկեղեցու վերանորոգման ու բազմաթիւ հայկական ձեռնարկների համար:

Մոնաքոյում բնակուող Տիգրան Ճիյէրճեանը եւս առաջին անգամ չէ Արեւմտեան Հայաստանում: Նա իր ֆրանսուհի տիկնոջ հետ այս կողմերում պտտուել է դեռ 1990-ական թուականների կէսերից յետոյ: «Աղթամարի Սուրբ Խաչում պատարագ մատուցելը անկարելի էր պատկերացնել տարիներ առաջ: Այսօր սա իրականութիւն է: Գուցէ ամբողջական չէ, բայց կարեւոր քայլ է մեր ժառանգութիւնը յետ ստանալու հարցում», - ասաց 70-ամեայ Ճիյէրճեանը, ով նախօրէին ամբողջ մէկ օր նաւով կտրել էր Վանայ ծովը, այցելել մի շարք այլ հայկական եկեղեցիներ, որոնք հարիւրամեայ մենութիւնից յետոյ շարունակում են մասամբ կիսականգուն մնալ: «Էջմիածնից հոգեւորական ուղարկելուց հրաժարուելը պատրուակ էր, խնդիրը քաղաքական է»,- ասաց նա:

62-ամեայ Արսէն Եարմայեանը Պոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիւանդանոցի հոգաբարձու է: «Եկել եմ պատարագին, որն առաջին անգամն է 1915-ից ի վեր»,- ասաց նա: Եարմայեանի կարծիքով՝ Հայաստանի պոյքոթը ճիշդ է, բայց թուրքերին խաչ չդնելու համար մեղադրելն էլ ճիշդ չէ: «Ժամանակի ընթացքում երկուսն էլ կը շտկուեն, խաչը կը տեղադրուի, Հայաստանից հայերն էլ կը գան յաջորդ պատարագին», - ասաց նա:

Գրիգոր Կէօքճեանը ծնուել է Պոլսում, բնակւում է Պէյրութում, եկել էր ընտանիքի չորս անդամների հետ՝ յատուկ այս պատարագին, նրա խօսքերով՝ այս պատմական օրուան ներկայ լինելու: «Տասը պոյքոթ էլ լինէր, ես պիտի գայի այստեղ, ինձ համար անձնապէս տեսնելն այլ նշանակութիւն ունէր», - ասաց նա:

Աղթամարի Սուրբ Խաչը կառուցուել է Օսմանեան կայսրութեան հաստատումից աւելի քան 350 տարի առաջ եւ աւելի վաղ, քանի առաջին թուրքերը Չինաստանի կողմերից շարժուեցին դէպի Հայաստանի սիրտը, որն այսօր Անատոլիա է կոչւում կամ Արեւելեան Թուրքիա: Հայերի համար այն Արեւմտեան Հայաստան է: Վերջին անգամ Սուրբ Խաչում պատարագ էր մատուցուել 1915 թուականին՝ Օսմանեան կայսրութեան կործանման վերջին տարիներին կամ Հայոց ցեղասպանութեան նախօրէին: Աւելի քան 95 տարի անց մատուցուեց առաջին պատարագը եւ չնայած թուրքական կողմի նախնական հաւաստիացումներին, եկեղեցու վրայ խաչ չտեղադրուեց:

Խաչը, որը պարզւում է ոչ թէ 200 քկ էր, ինչպէս պնդում էին թուրքերը, այլ ընդամէնը 76, դրուել էր եկեղեցու հենց հարեւանութեամբ: Ես ներկայ եմ եղել նաեւ Սուրբ Խաչի բացմանը 2007-ին, եւ ի տարբերութիւն, այս անգամ թուրքական մեծ դրօշակ չէին փռել կղզու լանջին: Եթէ չլինէր կղզու «բերանին» բարձրացուած կիսալուսինը, որը տնկուել է տարիներ առաջ, ապա սեպտեմբերի 19-ին չկային Թուրքիան ու թուրքականը խորհրդանշող այլ խորհրդանիշներ: Քանի որ եկեղեցին մեծ չէ եւ կարող է շուրջ 150 մարդ տեղաւորել, դրսում դրուել էր մեծ պաստառ, որի վրայ ցուցադրւում էր պատարագը: Բայց այդ օրը միայն Աղթամարում գտնուելն էլ բաւարար էր` զգալու այն ուժականութիւնը, այն ձգողականութիւնը, որ տիրում էր ողջ կղզու վրայ:

Հայաստանից, բացի լրագրողների, ընդամէնը մի քանի տասնեակ մարդ էր ներկայ: Փոխարէնը, Վանի նահանգապետարանը ամէն ինչ արել էր, որպէսզի ապահովուի մարդկանց մեծ ներկայութիւն տեղացիներից: Պատարագի օրը մահմետական քիւրտերը եւ թուրքերը մի քանի անգամ գերազանցում էին քրիստոնեաներին: Նրանցից շատերը եկել էին հետաքրքրութիւնից դրդուած, մի մասը պարզապէս ընտանիքի հետ իր հանգիստն էր անցկացնում Վանայ ծովում, Աղթամարում ու ծովափում: Պիտի ազնուօրէն նաեւ խոստովանել, որ այդ օրը մահմետականները բարեացակամ էին տրամադրուած հայերի նկատմամբ եւ փորձում էին ամէն կերպ ինչ-որ բանով իրենց օգնութիւնն առաջարկել:

«Սիրելի՛ հայ բարեկամներ, բարի եկաք Վան», ասում էր քաղաքում փակցուած ցուցապաստառը: Սակայն որեւէ տեղ այդպէս էլ չէր գրուել կամ ես չհանդիպեցի, որ Աղթամարի Սուրբ Խաչը հայկական է, չկար «հայ, հայկական» անունը: Միակ բացառութիւնը Լոնտոնում բնակուող «Կոմիտաս» հիմնարկի տնօրէն, պատմաբան Արա Սարաֆեանի եւ թուրք հրատարակիչ Օսման Քէօքերի երկլեզուեան՝ թուրքերէն եւ անգլերէն գրքի ներկայացումն էր պատարագի նախօրէին: Գիրքը տպուել էր Թուրքիայում եւ կրում է «Աղթամար. հայ միջնադարեան ճարտարապետութեան գոհարը»: Ընդ որում, գրուած էր ճիշդ` «Աղթամար», այլ ոչ թուրքերի խեղաթիւրած` «Աքտամար» ձեւով:

Պոլսահայերը համոզուած են, որ առաջիկայում Սուրբ Խաչի վրայ խաչը դրուելու է: Յուսանք: Աղթամարը, Սուրբ Խաչը արժանի են աւելի շատ հայերի ներկայութեան, աւելի շատ հայ արտասուողների, աւելի շատ հայ աղօթողների, աւելի շատ Սուրբ Խաչի շուրջ պտտուողների: Վանայ մեր ծովը, ծովի կապտականաչաւուն ալիքներն արժանի են աւելի շատ հայ աչքերի:

1 comment:

  1. Երանի թէ այսպիսի դրական մօտեցում ցուցաբերուէր պատարագէն առաջ, եւ աւելի շատ մարդիկ երթային, պոյքոթի փոխարէն:
    Երեւակայեցէք եթէ յաջորդ օրուայ Նիւ Եօրք Թայմզին մէջ գրուած ըլլար «Հայերը հարիւր հազար հոգիով ներկայ գտնուեցան հարիւր տարի վերջուայ պատարագին»... այն ատեն ոչ թէ թուրքերը փրօփականտա ըրած կ'ըլլային, այլ հայերը ցոյց տուած որ պզտիկ առիթին, իրենք պատրաստ են ղեկը ձեռք առնելու:

    ՎՔ

    ReplyDelete