Jun 5, 2010

ԱՐԺԱՆԹԻՆԱՀԱՅ ԳՈՐԾՕՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Կազայի նաւատորմերուն միջադէպը պահ մը երկրորդ գիծ յղեց Արժանթինի մայրաքաղաքին մէջ Քեմալ Աթաթուրքի կիսանդրիի զետեղման որոշումի բեկանման զգայացունց յաջողութիւնը, որուն պատճառով ալ Թուրքիոյ վարչապետը չեղեալ յայտարարեց դէպի Արժանթին իր ուղեւորութիւնը:

Առանց չափազանցական եզրերու հասնելու, որոշումին բեկանումը կարելի է համարել ուղղակի իրադրային եւ զայն նկատել Հայ դատի վերջին շրջանի յաջողագոյն աշխատանքը: Անգարա ընդդէմ արժանթինահայ գաղութ կամ Արժանթինին մէջ թրքական դեսպանատուն ընդդէմ Արժանթինի Հայ դատի յանձնախումբ մղուող պայքարին մէջ յաղթական դուրս կու գայ արժանթինահայ համայնքը, իրեն հետ նաեւ ամբողջ հայութիւնը` իբրեւ հայոց պետականութիւն եւ սփիւռքահայ հասարակութիւն:

Ո՛չ անձամբ վարչապետ Էրտողանին այցելութիւնը Արժանթին, ո՛չ տեղւոյն դեսպանատան մութին մէջ տարած աշխատանքը, ո՛չ թրքական փորձառու դիւանագիտութեան կիրարկած խաղերը, ո՛չ նախկին կոթողի մը վերաբացման սուտ պատրուակները, ո՛չ ալ Արժանթինի նախագահին մօտ պաշտօնական Անգարայի կատարած միջամտութիւնները կարելի դարձուցած են յետս կոչել տալ որոշումին բեկանումը Պուենոս Այրէսի տեղւոյն իշխանութիւններուն մօտ: Հատու հարուած ստացած է թրքական ժխտողական քաղաքականութիւնը արժանթինեան հողերուն վրայ:

Այս մէկը այն փաստն է, որ Հայ դատի յանձնախումբին նախաձեռնողականութիւնը նախ ամբողջ համայնքը այս հարցին շուրջ համախմբելու, միասնական կեցուածք ամրագրելու, մինչ այդ` հարցին թաքուն ծալքերը բացայայտելու, տեղին եւ ժամանակին բողոքելու, եւ մանաւանդ քաղաքական նրբանկատութիւններու նկատառումներով իբրեւ Արժանթինի քաղաքացիներ շարժելու հասած է արդիւնքի: Միաժամանակ ճիշդ պատգամը փոխանցելու, թէ ո՛վ եւ ինչպէ՛ս կը հարուածէ Արժանթին-Թուրքիա միջպետական յարաբերութիւնները:

Արձանագրուածը քաղաքական հասունութեան փաստ է, համախմբուելու եւ համախմբելու կարողականութեան փայլուն օրինակ եւ ազդեցիկ գործօնի վերածուելու կենդանի դրսեւորում: Դիպաշարի հոլովոյթի մանրամասնութիւններուն կը ծանօթանան մեր ընթերցողները Հայ դատի այսօրուան էջով:

Արժանթինահայ համայնքին եւ տեղւոյն Հայ դատի յանձնախումբին իրագործածը
ուսանելի է սփիւռքեան զանազան գաղութներուն համար. յատկապէս այնտեղ, ուր թրքական թափանցումներու պարարտ ենթահողեր կը ձեւաւորուին այս օրերուն, եւ ուր թրքական դիւանագիտութիւնը օրէ օր կը յաջողի թրքանպաստ մթնոլորտի ձեւաւորման համար նոր քայլեր առնել:

Արժանթինահայութեան տուած օրինակը կը համոզէ, որ կարելի է ոչ միայն ընդդիմանալ թրքական պետական քաղաքականութեան, այլեւ գործընթաց կասեցնել, ազդեցիկ եւ անշրջանցելի գործօնի վերածուիլ, բեկանել որոշումներ եւ յետս կոչել տալ պետական պաշտօնական ուղեւորութիւններ:

Այս իրականութեան հետ հաշուի պէտք է նստին բոլոր առնչակից կողմերը: Նախ եւ առաջ Թուրքիան անշուշտ, որ հատու հարուած ստացաւ եւ ձախողեցաւ ժխտողականութիւն արտածել դէպի Արժանթին: Հարուածը ծանր է Թուրքիոյ, որուն վարչապետը ջղագրգիռ յայտարարութիւններ կը կատարէ` սուր ճօճելով իբրեւ թէ նաեւ երրորդ երկիրներու վնաս հասցնող սփիւռքին դէմ:

Իրագործումը պատգամ ունի նաեւ սփիւռքեան գաղութներուն եւ հայոց պետականութեան, միասին` համակարգեալ աշխատելաոճով դէմ դնելու թրքական նախապայմաններուն, ժխտողականութեան: Միասին` ներգործօն դերակատարութիւն ունենալու:

2 comments:

  1. Հայկ ԱսատրյանJune 06, 2010

    Զարմանալի անտարբերությա՞ն, լռության, չեզոքության, թե՞ ուղղակի անտեղյակության հետևանք է այն, որ նրանք` այն կուսակցություններն ու կազմակերպությունները, այն գիտնականները, ում գործունեության հիմքում է դրված Հայոց Ցեղասպանության ճանաչման համար տարվող պայքարը, շարունակում են լռել ու չարձագանքել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցին: Հայտնի է, որ Կենտրոնը մեղադրում է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին` Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու և տարածելու մեջ:

    Փորձեցինք` այս ամենի վերաբերյալ ճշտել ՀՅԴ կարծիքը։

    ArmAr.am-ի հետ զրույցում Արտյուշա Շահբազյանն (ՀՅԴ) ասաց հետևյալը.

    «ՀՅԴ-ն օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի` ցեղասպանության ուրացման, ժխտման, փաստերի խեղաթյուրման վերաբերյալ պատիժ սահմանվի ։ Սակայն այսօր այդ խնդիրը խորհրդարանում միանշանակ չի ընդունվում, և դժվար է լինելու այդ օրինագիծը հաստատելը։ Բայց Իսկանդարյանի օրինակը ցույց է տալիս, որ մեզ անհրաժեշտ է նման օրենք ունենալ։ Իսկ այդ խնդիրների վերաբերյալ տեսակետը պետք է միանշանակ լինի ։

    Եթե կան մարդիկ, որոնք իրենց հայ են համարում, բայց այս հարցերում կարող են այլ տեսակետներ ունենալ, այլ հոսանքների կամ օտարներին հատուկ մոտեցում դրսևորել, ապա այդպիսինների նկատմամբ պետք է օրենքի ուժով խոսել ու խնդիրը քննել օրենքի դաշտում: Մինչդեռ եղած օրենքները դրա հնարավորությունը չեն տալիս:

    Ինչո՞ւ պետք է նման մարդիկ (իմա`Իսկանդարյանի ) լինեն մեր երկրում: Այդպիսի փաստերի առիթով պետք է անհանգստանան բոլորը. և դա չպետք է լինի մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ հոսանքի խնդիրը։ Սա բոլորիս խնդիրն է։ Համընդհանուր բողոք պետք է բարձրացնել, մարդիկ պետք է հասկանան, որ չեն կարող հանուն ինչ-ինչ անձնական շահերի, կարիերայի կամ հաշվարկների, նման բաներ իրենց թույլ տալ»։

    ReplyDelete
  2. ԱնահիտJune 14, 2010

    Հարգարժան "ԱԶԴԱԿ" բլօգի պատասխանատու,կը խնդրեմ իմ գրառումը փոխանցել Լոիկ-ին /Վանայ ձայն/,կապուած իր նամակի հետ:
    Ուրեմն ասեմ , որ համերգը ուշ սկսելը կապել հայի մտածողության հետ դա սխալ է, եթե դուք սկսեք ճիշտ ժամին, ուշացողները երկրորդ անգամ ճիշտ ժամին կգան:Մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ ու կսովորեն:
    Երկրորդ ԿՈՄԻՏԱՍԸ ծնվել է 1869թ , այս համերգին Կոմիստաս հնչեցնելը անիմաստ էր: Պետք չէ Կոմիտաս անվան հետ խաղալ:Կոմիտասը խախալիք չի: Կոմիտասը սրբություն է:

    Ու նաեւ. նվագախմբի կատարմամբ միայն 9 երգ է կատարուել, միւս երգերը կատարվել են առանց նվագախմբի :
    Եւ ընդհանրապես կարելի է դուրս գալ Kamoblog.am, ertit.am., bravo.am եւ նմանատիպ փողոցային մակարդակի կայքերից ու նայել դեպի վեր, դեպի բարձր արժեք ու փորձել այս խառնաշփոթի մեջ մեր երիտասարդներին հասցնել իրական արժեքներ /խոսքս ԼՈՐԻԿԻՆ է վերաբերում/:Իսկ Սոնիայի մասին չեմ էլ ուզում խոսել, ավելի լավ է դուք Երկիր Մեդիա -ի "Կռվախնձոր" հաղորդմանը դիմեք, ձեզ տվյալները կտան, իրենք են Սոնիայի դեմքը պատռել իրենց հաղորդման ընթացքում: Սոնիան Կոմիտաս կատարի?զաւեշտ կլիներ, եթե ողբերգութիւն չլիեր:
    Կարծեմ համայնքում կան շատ մարդիկ, որոնք այսպէս ասեմ արվեստից գլուխ են հանում,կարելի է նախքան որեւէ project անելը խորհրդակցել:

    ReplyDelete