Feb 7, 2011

ՍՓԻՒՌՔԸ ՊԷՏՔ Է ԸՆԴԼԱՅՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԻՐ ՕՐԱԿԱՐԳԸ

Հայաստանի Սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ կատարելու եւ երկպալատ խորհրդարան ձեւաւորելու մտադրութիւնները, որի մասին Միացեալ Նահանգներում ակնարկել է սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ապա Հայաստանի նախագահի մամուլի խօսնակը, ըստ գաղափարը յղացողների՝ նպատակ է հետապնդում աշխարհասփիւռ հայութիւնը ներգրաւել հայաստանեան ներքաղաքական օրակարգում: Եթէ չկշռադատուած, չհաշուարկուած ու ընդամէնը «սիրտ շահող» այդ մտադրութիւնները դառնան իրականութիւն, ապա մի կողմից չի ընդլայնուի սփիւռքի հայաստանեան օրակարգը, միւս կողմից՝ աւելի կը խորանան ներսփիւռքեան կուսակցական (ՀՅԴ-ՍԴՀԿ-ՌԱԿ), յարանուանական (առաքելական-կաթողիկէ-աւետարանական) ու միութենական (ՀԲԸՄ-Համազգային) հակասութիւնները:

Հայաստանի խնդիրները եւ բազում դժուարութիւնների լուծումները պէտք է փնտռել նախ եւ առաջ Հայաստանի ներսում: Հայաստանի թիւ մէկ թշնամին երկարաժամկէտ կտրուածքով Ազրպէյճանը չէ, ոչ էլ՝ Թուրքիան: Հայաստանի զարգացումը խոչընդոտող գործօնները տնտեսական ու քաղաքական մենաշնորհներն են, ոչ արդիւնաւէտ կառավարումն է, խորհրդարանական ու նախագահական ընտրութիւններ կեղծելն է, մարդու իրաւունքների ամէնօրեայ ոտնահարումներն են, ընկերային անարդարութիւնն է, բիրտ հարկահանութիւնն ու համատարած կաշառակերութիւնը:

Ահա այսպիսի ներքաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանի օրէնսդիր մարմնում սփիւռքից անհատների, անգամ հանճարեղ անհատների ներգրաւումը, որեւէ չափով չի պակասեցնելու Հայաստանի խնդիրները եւ ոչ էլ օգնելու է դրանց յաղթահարմանն ու լուծմանը: Ապագայ խորհրդարանում սփիւռքահայ ներկայացուցիչները, բացի կրթական ցենզից ու լայն աշխարհայեացքից, քուէարկելու պահին գրեթէ չեն տարբերուելու այսօրուայ խորհրդարանականներից: Եթէ Հայաստանի ներքաղաքական դաշտը չառողջանայ, ապա սփիւռքահայ պատգամաւորը կամ չի կարողանայ աշխատել կամ էլ՝ կը յարմարուի հայաստանեան պայմաններին ու կ'ենթարկուի խաղի կանոններին:

Նախ պէտք է ճշգրիտ ախտորոշումը գտնել ու նոր սկսել բուժման ցաւալի, երկարատեւ, բայց նաեւ միակ ճանապարհը, որը նաեւ կը լինի արժանապատիւ Հայաստանի կերտման ուղին: Երբ որ Հայաստանի իշխանութիւններն ու հասարակութիւնը (ի վերջոյ հէնց այդ հասարակութեան անդամներն են մի քանի հազար դրամով վաճառում իրենց քուէն) կարողանան գոնէ մէկ-երկու ընտրութիւն չկեղծել, այդ դէպքում կ'ունենանք հասարակութեանը պատասխանատու իշխանութիւն եւ իշխանութիւններից ակնկալիքներ ունեցող հասարակութիւն: Ներքաղաքական ճգնաժամը, համատարած ապատիան յաղթահարելու միակ տարբերակը հէնց ազատ եւ արդար ընտրութիւններն են:

Հրանուշ Յակոբեանի եւ Հայաստանի իշխանութիւնների յղացումն անընդունելի է, հում է եւ չի դիմանում որեւէ տրամաբանութեան: Ո՞ր սփիւռքն է ներկայացուած լինելու Հայաստանի երկպալատ խորհրդարանի Ծերակոյտում: Հայ-թուրքական արձանագրութիւնները մերժո՞ղ, թէ՞ Սերժ Սարգսեանի հետ նկարուելու ցանկութիւն ունեցող: Ի՞նչ կարգով պիտի կատարուի սփիւռքահայերի ընտրութիւնը: Ամէն մի գաղութից քանի՞ հոգի են ընտրուելու, ո՞ր կուսակցութիւններից, ի՞նչ ժամկէտներով: Ինչպէ՞ս է հնարաւոր՝ զուտ օրէնքի տեսակէտից, Հայաստանի խորհրդարանի վերին պալատի ընտրութիւններ կազմակերպել Թուրքիայում, որտեղ ունենք մօտ 70 հազարանոց հայ համայնք: Կամ Ռուսաստանում, որտեղ հայութեան թիւը գրեթէ այնքան է, որքան Հայաստանում:

Անկասկած, սփիւռքը պէտք է ներգրաւուած լինի հայաստանեան օրակարգում: Ժամանակն է ջախջախել հայաստանցիների մեծ մասի մօտ ձեւաւորուած այն ընկալումը, որ սփիւռքահայերը պէտք է նիւթապէս օգնեն հայրենիքին ու չմիջամտեն (դրական իմաստով) Հայաստանի ներքին խնդիրներին: Ժամանակն է նաեւ, որպէսզի սփիւռքն ընդլայնի իր օրակարգը եւ աւանդական դարձած Արցախեան բանակցութիւններից ու հայ-թուրքական յարաբերութիւններից բացի մտահոգուի Հայաստանի ներքին խնդիրներով, առաջարկի լուծման տարբերակներ եւ ուղիներ: Ամէն մի երկրի արտաքին քաղաքականութիւնը ներքինի շարունակութիւնն է: Եթէ Հայաստանի ներքին քաղաքականութիւնը շարունակի մնալ այսօրուայ անառողջ վիճակում, ապա սփիւռքը պիտի չակնկալի ընդունելի տարբերակներ Արցախեան հարցում կամ Հայաստան-Թուրքիա բանակցութիւններում:

Երբ հայ-ազրպէյճանական սահմանի վրայ հակառակորդի դիպուկահարից սպաննւում է երիտասարդ հայ զինուորը, հայկական գաղութները դատապարտում ու ցաւ են ապրում: Բայց երբ հայ դիպուկահարի գնդակից հայ երիտասարդը սպաննւում է Երեւանի կենտրոնում, սփիւռքի հակազդեցութիւնը երբեմն դառնում է անհասկանալիօրէն թոյլ: Սփիւռքի համար անհանդուրժելի պէտք է լինեն ընտրութիւնների կեղծումները, մարդու իրաւունքների ոտնահարումները, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները, համատարած կոռուպցիան ու միւս յոռի երեւոյթները, որոնք տարին տարու վրայ խարխլում են Հայաստանի պետականութեան հիմքերը:

Ինչպէ՞ս է ստացւում, որ ժողովրդի մի ստուար հատուած մերժում է հայ-թուրքական երկու արձանագրութիւնները, սակայն Հայաստանի (իբր) ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, առանց հաշուի առնելու այդ ստուար հատուածի կարծիքը, յայտարարում է, որ ցանկացած պահի պատրաստ է վաւերացնել այդ փաստաթղթերը: Որովհետեւ Ազգային ժողովը չի արտայայտում Հայաստանի քաղաքացիների ու քաղաքական դաշտի իրական պատկերը: Որովհետեւ ընտրութիւնները կեղծուել են: Հետեւաբար, որպէսզի չունենանք խորհրդարան, որը պատրաստ է հայ-թուրքական արձանագրութիւններ վաւերացնել կամ անտեսելով հասարակական կարծիքը ընդունել Լեզուի մասին օրէնքում փոփոխութիւններ, նախ պէտք է չհանդուրժենք անարդար ընտրութիւնները:

Անարդար ընտրութիւնների հենքի վրայ բարձրացող քաղաքական համակարգը չի կարող յուսալի լինել եւ բաւարարել հասարակութեան նուազագոյն ակնկալիքները: Հետեւաբար, սփիւռքից մի քանի սենատորներ ընտրելը բալասան չի դառնայ Հայաստանի ներքաղաքական վէրքերը ապաքինելու համար:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
«Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագէտ

Յատուկ «Ազդակ»ի համար

4 comments:

  1. Ուշագրաւ դիտարկումներ՝ Րաֆֆի Յովհաննէսեանէն


    Սփյուռքին ուզում են դարձնել մեղսակից

    «Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը:



    - Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում երկպալատ խորհրդարանի մասին իշխանությունների հայտարարություններին. սփյուռքի նախարարը հայտարարեց, թե այդ նպատակի համար մտադիր են փոխել Սահմանադրությունը, օրենքները:



    - Դա գաղափար է, որն արժի դիտարկել: Սակայն մինչև այդ հարցի լուրջ դիտարկումը, քննարկումը և կիրառումը, պետք է Հայաստանն ազատ ու արդար ընտրություններ ինքը կազմակերպի և նոր այդ համակարգը դիտարկի համազգային ծիրից ներս:



    - Այսինքն՝ որքանո՞վ եք ռեալ համարում, որ փոխեն Սահմանադրությունը, ողջ օրենսդրությունը՝ հանուն այդ գաղափարի:



    - Եթե ընտրական այս համակարգով ու հետագծով Հայաստանի Հանրապետության ընտրությունների հատկանիշները կիրառենք նաև սփյուռքում, ապա սփյուռքն ուղղակի կոչնչանա. այնպիսի վիհեր, սեպեր, բաժանումներ ու պառակտումներ կմտնեն սփյուռքի մեջ, որ ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին կարելի է մոռանալ: Ընդունելով դա որպես հասարակության քննարկման հարց, կողմ լինելով սփյուռքի ներուժը Հայաստանի պետական ու ազգային հարցերում փրկելու հրամայականին, միաժամանակ ես կարծում եմ՝ խիստ վտանգավոր է գեղեցիկ գաղափարը միանգամից իրացնել, երբ որ ՀՀ-ում ընտրական, մարդու իրավունքների, ժողովրդավարության մեխանիզմները խղճալի վիճակում են և մեր ընտրությունները խեղվել են: Այդ խեղված ընտրակարգը կիրառել համազգային առումով, կբերի ավելի վտանգների, քան՝ առավելությունների: Գաղափարը գեղեցիկ է, բայց ՀՀ-ն առաջին հերթին պետք է կարգի բերի ընտրական պահելաձևը, կարգը, դրա իրացումը, որից հետո մտածի ավելի լայն մեխանիզմների մասին:



    - Այսինքն՝ մտավախություն ունեք, որ հերթական անգամ ընտրակեղծիքներ կլինեն, ինչը սփյուռքին կվանի:



    - Մենք ունենք իրավականության լեգիտիմության խնդիր, որն անդրադառնում է ազգային խնդիրների, միջազգային վարկի վրա: Եվ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այդ լեգիտիմության, իրավականության խոցը կիրառվի սփյուռքի համազգային հարցերում: Ես կարծում եմ` ընտրակարգը, թեկնածուների առաջադրումը, քվոտավորումը և, վերջին հաշվով, ընտրության իրացումը լուրջ հարցեր են, և կարծում եմ՝ Հայաստանը պետք է առաջին հերթին փաստի, որ ինքը կկարողանա անցկացնել ընտրությունների մի շարք, և նոր դիտարկի այս հարցը:



    - Իսկ այն փաստը, որ արտերկրում բնակվող երկքաղաքացին պետք է գա այստեղ ու օրենք ընդունի ՀՀ քաղաքացու համար, դա նորմա՞լ եք համարում:



    - Ես մանրամասները չգիտեմ, միայն ասում եմ, որ գաղափարը քննարկելի հարց է: Բայց Հայաստանի օրենսդիր պալատի ցանկացած անդամ պետք է լինի ՀՀ քաղաքացի: Ինքը երկքաղաքացու հանգամանքով է մասնակցում, թե ոչ` այլ հարց է: Բայց ես կարծում եմ՝ բացառելի է, որ ՀՀ օրենսդիրը ՀՀ քաղաքացի չլինի: Եվ հետո՝ կարող է քաղաքացին ինքը օտար ազդեցություն կրել, այսինքն՝ այնպես չէ, որ մարդու քաղաքացի չլինելն ազդում է մասնագիտական փորձի ու էության վրա: Բայց կարծում եմ՝ սա առնչվելու է քաղաքացիության ոլորտին, և ակնհայտ է, որ պատգամավորը լինի ՀՀ քաղաքացի: Ինձ հուզում են ներկա դրությամբ ընթացակարգային խութերը, խոչընդոտները, քան՝ բովանդակությունը: Քանի որ՝ բովանդակությունը ուղղելի խնդիր է:



    - Տեսակետ կա, որ սրանով պարզապես իշխանությունները փորձում են սփյուռքին սիրաշահել՝ գումարներ պոկելու համար:



    - Ինքը թղթի վրա կարող է լավ գաղափար լինի, բայց կարևոր է, թե ով է իշխանության գլուխ: Կարող են ոչ թե սիրաշահել, այլ՝ սփյուռքի մասնակցության անվան տակ փորձեն նրան ևս մեղսակից դարձնեն իրենց գործերին: Պատկերացրեք՝ այս արձանագրությունների պատմության մեջ, երբ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ սփյուռքում կար մերժում հակապետական, հակազգային այդ հարցի շուրջ, ուղարկում են ԱԺ, և այդ դեպքում երկպալատ իրավիճակում կունենայինք սփյուռքի մի քանի ներկայացուցիչներ, որոնք սփյուռքի անունից պետք է դառնային մեղսակից դրան, կամ էլ՝ եթե դեմ լինեին՝ մի քանի ձայնով, այնուամենայնիվ, մեղսակից լինեին կատարվածին: Ուստի՝ պետք է խորը մտածենք, թե որոնք են այս համակարգի առավելությունները և վտանգները:

    ReplyDelete
  2. hayer achkernit luis 350 mart el avelatsav gortsazurkneri sharkin yerevani rusakan hospital@ buj antsnagazmi vijag@ perelavelu hamar 350hayi heratsnum e ashxatankits aysbes 350endanik sovi e madnvum ...hert@ haykakan hivantsanotsnerin e 8-rt@ arten sksel e ...ketse barkavaj hayastan@...urraaaaa

    ReplyDelete
  3. last moheganFebruary 12, 2011

    harkeliners hayasdani khorhrtaran endrvetsin hayasdane tadargetsin . hima spyurki hamar guzen endren ays tebkum hayerun ur bidi grgen? kani lusni kam hragi vra degh chga mnum e pkedni dag ...h.yane mi pan togh tsuyts da vor minchev hima grtsel e enel u hachoghel e ,patsi ir krbane letsneluts.togh hishi mamografiayi gentrone vore sarkets spyurki pogherov himi ir sepaganunne /anshushd voch ir anunov/

    ReplyDelete
  4. kerelov kennatadelov degh chek hasnir.hagaraga ays polorn Hayasdane harach e genoum.Harach Hayasdan.tev ou tigounk kez.
    Gagig

    ReplyDelete