ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ԿՐԾՔԻՑ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԵՏԱԼ ԿԱԽԵՑԻՆ
ԵՒ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՅԱՅՏՆԵՑԻՆ
ՋԱՒԱԽՔՈՒՄ ԳՈՐԾ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Յունիսի 24-25-ը երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում գտնուող Վրաստանի նախագահը արժանացաւ միանգամից երկու մետալի: Նախ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Միխայիլ Սահակաշվիլուն պարգեւատրեց Պատուոյ շքանշանով` «Հայ-վրացական դարաւոր բարեկամութեան ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցութեան խորացմանն ուղղուած գործունէութեան համար»: Ապա Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Վրաստանի ղեկավարն արժանացաւ հայաստանեան մայր համալսարանի ամէնաբարձր պարգեւին՝ ԵՊՀ պատուաւոր դոկտորի կոչմանն ու ոսկէ մետալի: Սա այն դէպքում, երբ վերջին կէս տարուայ ընթացքում առնուազն երկու անգամ պարոն Սահակաշվիլին ոչ պարկեշտ յայտարարութիւններ էր արել Հայաստանի հասցէին՝ ասելով, թէ նրա տնտեսութիւնը փլուզուեց, քանի որ ամբողջովին կախուած է Ռուսաստանի շուկայից:
Սահակաշվիլու Երեւան այցի ընթացքում, սակայն, այս մասին չյիշեցին: Չյիշեցին նաեւ Վահագն Չախալեանի ու վիրահայութեան վիճակի մասին: Աւելի ճիշդ, յիշեցին, բայց՝ դրական կերպով: Համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահը ողջունեց «Վրաստանի կառավարութեան ջանքերը Ջաւախքում ընկերային-տնտեսական վիճակը մեղմելու, ենթակառուցուածքները բարելաւելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղութեամբ»: Ջաւախահայութիւնը, սակայն, հակառակն է պնդում: Հայ ոստիկանները երկու անգամ խոչընդոտեցին եւ թոյլ չտուեցին Հայաստանում բնակուող ջաւախահայերին բողոքի ցոյց կազմակերպել նախագահական նստավայրի, ապա «Արմենիա Մարիոթ» հիւրանոցի դիմաց, որտեղ գիշերել էր Վրաստանի նախագահը: Ջաւախահայ երիտասարդներն ու նրանց միացած Կիրօ Մանոյեանը, ով ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենեակի տնօրէնն է, ցանկանում էին առիթն օգտագործել եւ նախագահ Սահակաշվիլուն մէկ անգամ եւս յիշեցնել Ջաւախքում առկայ բազմաթիւ խնդիրների մասին: Դա չյաջողուեց, քանի որ ոստիկանները հասցրել էին ցրել ցոյցը՝ նախքան Սահակաշվիլու հիւրանոցից դուրս գալը: Կիրօ Մանոյեանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցաւ փոքրիկ բախում:
Ցոյցի մասնակիցները փորձում էին Վրաստանի նախագահին փոխանցել տասը կէտանոց մի նամակ, որում մասնաւորապէս կոչ էր արւում «Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն տալ կրօնական հաստատութեան իրաւական կարգավիճակ, դադարեցնել հայկական եկեղեցիների վրացականացումն ու զաւթումը, դադարեցնել պետական տարբեր կառոյցների կողմից հայերին վախեցնելու, հայկական շրջանակներում սարսափի մթնոլորտ առաջացնելու քայլերը Սամցխէ-Ջաւախեթի երկրամասում, հայերէնը հռչակել պետական երկրորդ լեզու, դադարեցնել երկրամասի ժողովրդագրական պատկերը արհեստականօրէն փոխելու քայլերը»:
Վրաստանի նախագահի այցի նախօրէին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական խմբակցութեան պատգամաւորներից մէկին արգելուել էր հատել հայ-վրացական սահմանը, Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչներին արգելուել է այցելել Երեւան եւ մասնակցել հայոց եկեղեցու պատմութեան դասաւանդման վերապատրաստուելու համար: Վրացական կողմը դժուարութիւններ է ստեղծում նաեւ հայկական դասագրքեր եւ լրագրեր Վրաստան տեղափոխելու հարցում: Համալսարանում Սահակաշվիլին, պատասխանելով հայ պատգամաւորի հետ կապուած միջադէպին, ուղղակիօրէն ասաց. «Ոչ հայերը, եւ ոչ էլ Վրաստանում ոեւէ մէկը շահագրգռուած չէ օժանդակել քաղաքական այն գործիչներին կամ նրանց գործունէութեանը, որոնց քայլերը միտուած են վատթարացնել բարեկամական յարաբերութիւնները երկու երկրների միջեւ: Աւելի լաւ է կանխել եւ թոյլ չտալ, որ դա իրականացուի»:
Իր երկօրեայ այցի ընթացքում Սահակաշվիլին ամէն առիթ օգտագործում էր, որպէսզի հնարաւորինս վարկաբեկի եւ անպարկեշտ յայտարարութիւններ թոյլ տայ Ռուսաստանի հասցէին: Նա ռուսներին մեղադրեց Կովկասում խառնակչութիւններ անելու, զաւթողական քաղաքականութիւն վարելու մէջ: Նման անպարկեշտ յայտարարութիւններով Սահակաշվիլին անյարմար վիճակ էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային, բարեկամական յարաբերութիւններ: Սահակաշվիլու նման պահուածքն ու Հայաստանի իշխանութիւնների կողմից նրան բարձր մակարդակով պատուելը ակնյայտօրէն նեարդայնացրեց ռուսներին: Օրինակ, Ռուսաստանի խորհրդարանի ծերակուտական Վլատիմիր Կուսեւը Սահակաշվիլուն Երեւանում Պատուոյ շքանշան յանձնելը համարել է վիրաւորանք Ռուսաստանի հասցէին՝ յաւելելով, որ «իսկական բարեկամները նման կերպ չեն վարւում»: «Այդ արարքը կարող է բարդ մթնոլորտ ստեղծել ռուս-հայկական յարաբերութիւններում», ասել է Կուսեւը:
Մէկ այլ ծերակուտական Վատիմ Կուսթովը, Սահակաշվիլուն պարգեւատրելը համարել է «ոչ բարեկամական քայլ»: «Դա նաեւ արհամարհական վերաբերմունք է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զոհուել են հարաւօսական հակամարտութեան ընթացքում», ասել է նա եւ նկատի ունենալով Սերժ Սարգսեանին, աւելացրել. «Բոլորն էլ ունեն սխալուելու իրաւունք, սակայն եթէ սխալը թոյլ է տրուել գիտակցաբար, ապա դա կարող է ծայրայեղ վատ անդրադառնալ ռուս-հայկական յարաբերութիւնների վրայ»: Էլ աւելի կոշտ է արտայայտուել Ռուսաստանի խորհրդարանի պատգամաւոր, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցութիւնից ընտրուած Վալերի Պոկոմոլովը. «Իւրաքանչիւր երկիր իրաւունք ունի պարգեւատրել ում ցանկանում է, սակայն կարեւոր է հասկանալ, որ չի կարելի թքել այն ջրհորի մէջ, որտեղից դեռ շատ անգամներ ջուր ես խմելու»: Սահակաշվիլու Երեւան այցից յետոյ Պաքու մեկնեց Ռուսաստանի նախագահը: Պատահական համընկնում էր դա՝ թէ ոչ, դժուար է ասել:
Հայաստանի իշխանութիւնները, ինչպէս եւ նախկինում, շատ զգոյշ են վերաբերում հայ-վրացական յարաբերութիւններին: Այդ յարաբերութիւնների կարեւորութիւնը առաւել ակնյայտ է դառնում, երբ նայում ենք այսօրուայ քաղաքական քարտէզին: Հայաստանի սահմանների աւելի քան 80 տոկոսը շրջափակման տակ է. թուրք-հայկական սահմանը փակ է արդէն աւելի քան 16 տարի, հայ-ազրպէյճանականը՝ մօտ երկու տասնամեակ: Ցամաքային ճանապարհով Հայաստանը արտաքին աշխարհի հետ կարող է շփուել միայն Իրանով եւ Վրաստանով: Դէպի ծով ելք չունենալու եւ ցամաքով շրջափակուած լինելու իրողութիւնը Հայաստանին ստիպում է առաւել կարեւորել Վրաստանը որպէս տարանցիկ երկիր, քանի որ մեր երկրի արտաքին ապրանքաշրջանառութեան աւելի քան 70 տոկոսը իրականացւում է հէնց Վրաստանով, իսկ վրացական սեւծովեան նաւահանգիստներն ու վրացական երկաթգիծը արտաքին աշխարհ դուրս գալու մեր կարեւորագոյն ուղիներն են:
Թւում է` առաջիկայ տարիներին, գուցէ` տասնամեակներին, Վրաստանը կը պահպանի իր կարեւորութիւնը Հայաստանի համար, քանի որ ո°չ թուրքերն են պատրաստւում վերջ տալ Հայաստանի շրջափակումը եւ առաւել եւս` ո°չ Ազրպէյճանն է մտքից հանում ղարաբաղեան հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը: Կովկասեան տարածաշրջանի այսօրուայ քաղաքական քարտէսը ցոյց է տալիս, որ այստեղ պետութիւնների միջեւ սահմանները բառի իսկական իմաստով սահմաններ չեն, այլ՝ բաժանարար գծեր: Թուրք-հայկական սահմանը իր փշալարերով ու սահմանապահ աշտարակներով շարունակում է յիշեցնել «Սառը պատերազմի» տարիները: Հայ-ազրպէյճանական սահմանները ականապատ են, իսկ 2004-ից Ռուսաստանի կողմից փակուել եւ բաժանարար գծի է վերածուել նաեւ ռուս-վրացական սահմանը:
Բայց սա դեռ ամէնը չէ. Հարաւային Կովկասի երեք ճանաչուած եւ երեք չճանաչուած երկրները ունեն արտաքին քաղաքական տարբեր, երբեմն` միմեանց հակասող արտաքին քաղաքական օրակարգեր: Այս երկրներից տարածքով ամենամեծը` Ազրպէյճանը, փորձում է հաւասարակշիռ յարաբերութիւններ պահպանել ազգակից ու դաշնակից Թուրքիայի, Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Սակարկութեան համար Իլհամ Ալիեւը շուկայ է հանում առաջին հերթին Կասպիցի նաւթը եւ կազը: Վրաստանը բացայայտօրէն ու առանց յետ՝ դէպի հիւսիս` դէպի Ռուսաստան նայելու ձգտում է դէպի եւրոպական եւ եւրոատլանտեան կառոյցներ` ակնկալելով վերջիններիս օգնութիւնը ռուսական վտանգի դէմ: Հայաստանը թուրքական վտանգի դէմ փորձում է օգտուել ռուս սահմանապահներից ու Գիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմակայանից:
Միջազգայնօրէն չճանաչուած Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան, որոնք 2008-ի օգոստոսեան ռուս-վրացական հնգօրեայ պատերազմից յետոյ ճանաչուեցին Ռուսաստանի կողմից` անկախ եւ ինքնուրոյն քաղաքականութիւն վարելու գրեթէ լծակ չունեն: Քարտէսի վրայ Վրաստանին պատկանող այս երկու միաւորները փաստացիօրէն գտնւում են Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական վերահսկողութեան տակ: Լեռնային Ղարաբաղը, որին չի ճանաչել անգամ Հայաստանը, թէեւ ոչ նախկին ազդեցութեամբ, շարունակում է մնալ համեմատաբար լուրջ ռազմաքաղաքական գործօն ինչպէս Հարաւային Կովկասում, այնպէս էլ միջազգային ուժային երեք կենտրոնների՝ մի կողմից Ռուսաստանի, Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների, միւս կողմից` հարաւկովկասեան երկրների միջեւ յարաբերութիւններում:
Հարաւային Կովկասում անվտանգութեան ահա նման պայմաններում է յատկապէս կարեւորւում հայ-վրացական կայուն եւ կանխատեսելի յարաբերութիւնների պահպանումը: Եթէ հայ-վրացական սահմանները եւս վերածուեն բաժանարար գծերի, ապա մեր տարածաշրջանի եւ արիւնալի հակամարտութիւններից սարսափելի տուժած նրա բնակչութեան ապագան կը դառնայ առաւել քան անկանխատեսելի: Այս իրողութիւնը գիտակցում են ինչպէս Երեւանում, այնպէս էլ՝ Թիֆլիսում: Եւ հէնց այս իրավիճակի գիտակցութեան ընկալումն է պատճառը, որ հայ-վրացական յարաբերութիւնների օրակարգի բազում խնդիրները չեն մղւում առաջին դիրք եւ հրապարակայնօրէն չեն քննարկւում:
Հայաբնակ եւ հայկական Ջաւախքում առկայ քաղաքական, ազգային-մշակութային, ինչպէս նաեւ ընկերային-տնտեսական խնդիրների անտեսումը անընդհատ լարուածութեան թոյն է ներարկելու հայ-վրացական յարաբերութիւններին: Ջաւախքի խնդիրները անտեսում են ոչ միայն Թիֆլիսում, այլ նաեւ Երեւանի իշխանութիւնները: Իր իսկ քաղաքացիների իրաւունքները ամէնուր ոտնահարող Հայաստանի գործող իշխանութիւնները ոչ հրապարակաւ եւ ոչ է փակ դռների հետեւում ընթացող բանակցութիւններում չեն կարող Վրաստանից պահանջել, որպէսզի վրաց պետութիւնը յարգի ջաւախահայութեան մշակութային, լեզուական եւ միւս իրաւունքները: Հարեւան երկրի ժողովրդավարութեան, իրաւական պետութեան, օրէնքի իշխանութեան մասին կարող ես խօսել, եթէ քո երկիրը որակապէս եւ տեսանելի կերպով աւելի բարեկեցիկ է: Այլ խողովակներով եւ այլ մակարդակներով, սակայն, Հայաստանը պարտաւոր է անընդհատ յիեցնել, որ չի հանդուրժի իր հայրենակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքը Ջաւախքում, աչք չի փակի Վրաստանի տարածքում հայկական յուշարձանների նկատմամբ շարունակուող ոտնձգութիւնների վրայ:
Հայաստանի պատանդային վիճակը հաշուի առնելով՝ Վրաստանը պէտք չէ շարունակի մաս կազմել քաղաքական եւ տնտեսական մեկուսացման այն քաղաքականութեանը, որը թելադրւում է Անգարայից ու Պաքուից: Ինչպէս Հայաստանն է բարեկամական չէզոքութիւն պահպանում վրաց-ռուսական յարաբերութիւններում, վկան` օգոստոսեան պատերազմը, այնպէս էլ Վրաստանը պէտք է նոյնը անի հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում: «Կողմ» կամ «դէմ» քուէարկելուց բացի, կան նաեւ քուէարկութեան այլ ձեւեր, ինչպէս «ձեռնպահն» է կամ ընդհանրապէս չքուէարկելը, ուրեմն` միջազգային տարբեր ֆորումներում, երբ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունւում են բանաձեւեր, Թիֆլիսը կարող է նաեւ երբեմն չքուէարկել այնպէս, ինչպէս քուէարկում են Անգարան ու Պաքուն: Նման մօտեցումը Երեւանը կը գնահատի յաւուր պատշաճի:
Աւանդական բաժակաճառերը մի կողմ` պիտի նաեւ ընդունել, որ հայ-վրացական յարաբերութիւնները ունեն զարգացման լուրջ ներուժ: Մեր ընդհանուր քրիստոնէական անցեալն ու պատմութեան ընթացքում ունեցած իրաւամբ բարեկամական յարաբերութիւնները, Ջաւախքում արժանապատիւ ապագայ ապահովելը մեկնարկային բարենպաստ պայմաններ կարող են ստեղծել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարեւաններին վայել յարաբերութիւններ կառուցելու համար:
Վրաստանի որեւէ նախագահ Հայաստան այցելութեան ընթացքում չի հրաժարւում ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին, ինչպէս երբեմն անում են հարեւան այլ երկրների նախագահներ, վերջին անգամ Իրանի նախագահ Մահմուտ Ահմատինեժատն ու Սուրիոյ առաջնորդ Պաշշար Ասատը: Վրաստանի առաջնորդները Ծիծեռնակաբերդում խոնարհւում են ոչ միայն այն պատճառով, որ այդպէս է ենթադրում արարողակարգն ու տարրական քաղաքավարութիւնը, այլ որովհետեւ վրաց ժողովրդի բացատրելու կարիք չկայ, թէ ինչ ասել է օսմանեան եաթաղան:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար
Երեւան